Կորսիկայում կիրակի օրը խորհրդարանական ընտրությունների առաջին փուլն էր: Ֆրանսիական կղզու բնակիչներն առաջին անգամ են ինքնավարության միասնական տարածքային կառույցի պատգամավորներ ընտրում: Առաջին փուլում հաղթել են կղզուն «իսկական ինքնավարության» տրամադրման կողմնակիցները: Ընտրություններն անցկացվել են նախորդից ընդամենը 2 տարի հետո` կղզում տարածքային բարեփոխումից հետո, երբ միավորվեցին երկու դեպարտամենտների (Հարավային Կորսիկա և Հյուսիսային Կորսիկա) խորհուրդները և տարածաշրջանային խորհուրդը: Ընտրությունների առաջին փուլում, որին իրավունք ունեին մասնակցել կղզու 234 000 բնակիչները, մասնակցությունը նախնական տվյալներով 50 %-ից քիչ էր: Ֆրանսիացի քաղաքագետները համարում են, որ ցածր մասնակցությունը ձեռնտու է Կորսիկայի ինքնավարության ընդլայնման կողմնակիցներին:
Ընտրությունը կատարվում է կուսակցական ցուցակներով: Իրենց թեկնածուներին էին առաջադրել 7 քաղաքական ուժեր: Ֆավորիտ էր համարվում «Հանուն Կորսիկայի» (Pè a Corsica) անջատողական կոալիցիան, որ միավորում է «Ազատ Կորսիկա» անկախության կողմնակիցների կուսակցությունը` 57-ամյա փաստաբան Ժան Գի Թալամոնիի, Կորսիկայի խորհրդարանի ներկա գումարման նախագահի ղեկավարությամբ, և լայն ինքնավարության կողմնակից «Ստեղծենք Կորսիկան» կուսակցության` 50-ամյա փաստաբան Ժիլ Սիմեոնի գլխավորությամբ, որ տարածաշրջանի Գործադիր խորհրդի նախագահն է: Այդ կոալիցիան հաղթել է և նախորդ շրջանային ընտրություններում, որ 2015-ի դեկտեմբերին էին: AFP-ն նշում է` ներկա ընտրություններում կոալիցիա կազմելը հնարավոր էր շնորհիվ «Ազատ Կորսիկայի», որ հրաժարվեց Ֆրանսիայից անհապաղ անջատվելու ու անկախության պահանջից: Կոալիցիան պահանջում է Կորսիկային տալ «իսկական ինքնավարության կարգավիճակ», որ ուժի մեջ կմտնի «առաջիկա 10 տարում»: Նախնական տվյալներով` առաջին փուլում «Հանուն Կորսիկայի» կոալիցիան ստացել է ձայների 47,35 %-ը: Երկրորդ տեղում է (13 %) տարածաշրջանային աջերի «Ապագայի ճանապարհ» կոալիցիան (շրջանի անջատման հակառակորդները)` լիցեյի 46-ամյա տնօրեն Ժան Մարտեն Մոնդոլինիի գլխավորությամբ: Երրորդը Էմանուել Մակրոնի «Առաջ, Հանրապետություն» կենտրոնամետ կուսակցության տեղական մասնաճյուղն է (12,37 %): Չորրորդը հանրապետականների տեղական մասնաճյուղն է (11,6 %): Օրենքի համաձայն` երկրորդ փուլ են անցնում 7 % արգելքը հաղթահարածները: Երկրորդ փուլից առաջ հնարավոր է նոր կոալիցիաների կազմավորում: «Հանուն Կորսիկայի» անջատողական կոալիցիայից բացի` մյուս 3 կուսակցությունների միավորման դեպքում անջատողականները կարող են չհաղթել երկրորդ փուլում, որ դեկտեմբերի 10-ին է:
RFI
Հ.Գ. ՈՒ՞մ կողմում կլիներ աշխարհի ամենահայտնի կորսիկացին` Նապոլեոն Բոնապարտը: Առաջին հայացքից` ուժեղ Ֆրանսիայի, ուրեմն` անջատման հակառակորդների: Բայց իբրև միապետ նա կգերադասեր առաջինը լինել, թեկուզ կղզում: Բոլոր դեպքերում` Ֆրանսիան էլ ստանում է իր Կատալոնիան: Ճիշտ է` առաջիկա 10 տարվա կտրվածքով և անկախականների հաղթանակի դեպքում, իսկ դա դեռ հարց է:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ